Դպրոցի մասին

1938թ. հիմնադրվել է Լենինականի Վլադիմիր Մայակովսկու անվան N5 միջնակարգ դպրոցը, որի տնօրենն է եղել վաստակաշատ մանկավարժ Սամսոն Հակոբյանը: Նա տնօրինել է մինչև 1978թվականը:
1978-1986թթ. տնօրինել է Համբարձում Ավետիսյանը` բազում սերունդների առաջ բացելով կյանքի կանաչ ճանապարհը:
1986թ. տնօրեն է նշանակվել Կառլեն Հովհաննիսյանը: Երիտասարդ տնօրենը մահացել է 1988թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ:
Երկրաշարժից վթարային էր դարձել դպրոցը: Աշխատանքը շարունակվում էր վրանների մեջ: 1989թ. Լենինականում կառուցվեց առաջին տնակ-դպրոցը, որի տնօրեն նշանակվեց Ռիմա Արամի Սարգսյանը:
1993թ. Լոս-Անջելեսի հայ կրթական միության նախագահ Շահեն Նազարյանն ու տեղակալ Վահե Պետրոսյանը՝ N5 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Դավիթ Էլբակյանի ուղեկցությամբ այցելեցին Գյումրի, իսկ 3 տարի անց ձեռնամուխ եղան նոր դպրոցի կառուցմանը, որն իրականացնելու էին ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Սավի Թուֆենքյանների նվիրատվությամբ:
Նախկին դպրոցի տարածքում վեր հառնեց մի նոր կառույց և կոչվեց հովանավորի որդու` վաղամեռիկ Ռիչարդ Թուֆենքյանի անվամբ: 1998թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր բացումը, որին ներկա էին նաև հովանավորները, պաշտոնատար շատ անձինք, սփյուռքահայության ներկայացուցիչներ:
Դպրոցի օծման սրբազան արարողության պատիվը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Ներսես արքեպիսկոպոսին, իսկ ժապավենի կտրելու պատիվը՝ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին և մարզպետ Արարատ Գոմցյանին: Դպրոցում գտնվող Ռիչարդ Թուֆենքյանի հուշաքարը բացեց նրա եղբայր Գրիգորը: Դպրոցի «Ռ. Թուֆենքյան» մակագրությամբ խորհրդանշական բանալին հանձնվեց տեր և տիկին Թուֆենքյաններին:
2001-2009թթ. դպրոցի տնօրեն է եղել Հովհաննես Հակոբի Պետրոսյանը:
2009-2019թթ. դպրոցի տնօրեն է եղել Մարինե Կամոյի Թահմազյանը:
2019թ. սեպտեմբերի 17-ից «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիլվա Սուրենի Սահակյանը: